Saturday, 20 04 2024
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը

Վանաձորում չամուսնացած քույրը սպանել է իր հետ «սեքսի թեմաներով» խոսող եղբորը

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արմենուհի Այվազյանի (անուն-ազգանունը փոխված է) գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:

Արմենուհին մեղավոր է ճանաչվել հարազատ եղբորը դիտավորությամբ սպանելու, ինչպես նաև սպանությունից երկու ամիս առաջ նույն եղբոր առողջությանը ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով:

Այս 2 ծանր հանցագործությունների համար Արմենուհին վերջին հաշվով դատապարտվել է 6 տարի ազատազրկման:

Մեղադրողի խոսքով՝ դատավճռի հրապարակումից հետո Արմենուհին շնորհակալություն է հայտնել դատարանին: Ու մեղադրողը զարմացած էր, որ նման արարքների համար նման մեղմ պատիժ սահմանած դատավճիռը բողոքարկվել էր պաշտպանի կողմից:

Բայց մեղմից մեղմն էլ է լինում, առավել ևս, որ Արմենուհու շահերի պաշտպանը՝ փաստաբան Մխիթարյանը, երեք պահանջ էր միավորել մեկ բողոքում. մեղսագրված արարքների համար արդարացանել Արմենուհուն, կամ մեղսագրված արարքները վերաորակել որպես հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված արարքներ, կամ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ևս սահմանել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ:

Եղբորը սպանելու համար ամբաստանյալ Արմենուհին իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել, իսկ նույն եղբորը ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար իրեն բոլորովին մեղավոր չի ճանաչել:

Վերաքննիչ քրեական դատարանի դատական նիստի ամբողջ ընթացքում Արմենուհին լարված էր՝ պրկված լարի էր նման: Նրա դեմքը կասկածոտ արտահայտություն էր ստացել այդ լարվածությունից:

Զղջման որևէ խոսք չասաց: Եղբոր մահվան պատճառը լինելու համար ցավ չարտահայտեց:

Ընդհանրապես՝ այս ներընտանեկան գործով տուժող կողմ չկար, չկար տուժողի իրավահաջորդ:
Մարդ արարածը զրկվել էր կյանքից իր հարազատի ձեռքով: Եվ չկար գեթ մեկ հարազատ, որ նրա մահվան համար ցավ ապրեր կամ դատարան ներկայանար՝ որպես սպանվածի իրավահաջորդ…

2012 թվականի հոկտեմբերի 20-ին քրեական գործ էր հարուցվել Արմենուհու կողմից եղբոր առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Նույն օրվա որոշմամբ Արմենուհու եղբայր Գագիկը (անունը փոխված է) տուժող էր ճանաչվել:

Հոկտեմբերի 27-ին Արմենուհու նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Սա այն դեպքն էր, որ ավելի լավ լիներ, գուցե, եթե մեղադրյալի խափանման միջոցը այլ լիներ, եթե նա չշարունակեր նույն հարկի տակ ապրել դանակահարված եղբոր հետ, քանզի նրանց առճակատումներն ամենօրյա էին, յուրաքանչյուր առճակատումը կարող էր ավարտվել նոր հանցավոր արարքով…

Այդպես էլ եղել էր: Բայց սկզբում՝ նոյեմբերի 7-ին, հարուցվել էր քրեական գործ՝ այդ անհանգիստ ընտանիքի մյուս անդամի՝ Արմենուհու մյուս եղբայր Նորիկի (անունը փոխված է) կողմից իր եղբայր Գագիկի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ: Այս գործը հետագայում կարճվել է կողմերի հաշտության հիմքով:

Նոյեմբերի 18-ին արդեն քրեական գործ է հարուցվել Արմենուհու կողմից իր եղբայր Գագիկին դիտավորյալ սպանելու փաստի առթիվ:

40-ամյա Արմենուհին ամուսնացած չի եղել, ապրել է հայրական տանը:

2012 թվականի սեպտեմբերի 12-ին եղբոր՝ Գագիկի ստացած վնասվածքների համար Արմենուհին իրեն մեղավոր չի ճանաչել: Ասել է, թե եղբայրն ինքն է դանակով հարվածել սեփական կրծքավանդակին, ցանկացել է, իբր, ինքնասպան լինել:

Սակայն դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ ինքնավնասման հետևանքով նման կարգի վնասվածքների ստացումը Գագիկի կողմից բացառվել է, հաստատվել է, որ Գագիկին այլ մարդ է դանակահարել: Գործով ձեռք բերված ապացույցներով, հենց իր՝ այն ժամանակ ողջ մնացած Գագիկի ցուցմունքով՝ Արմենուհին է եղել եղբորը դանակահարողը…

Արմենուհին հայտնել է, թե եղբայրը Ռուսաստանում սպանության համար 15 տարի կալանքի տակ է եղել: Հայաստան է վերադարձել 2011 թվականին: Բնակվել է հայրական տանը:

Ահա սա է եղել այս ընտանիքի «գլխավոր» ցավը: Տան հարց է եղել, հայրական տանը տեր լինելու, այնտեղ ապրելու հարց, որ չամուսնացած քույրն ու տարիներով օտար ափերում թափառած եղբայրը խաղաղությամբ չեն կարողացել լուծել: Այս ընտանիքում Գագիկի վերադարձի համար չեն ուրախացել, «անառակ որդու վերադարձը» ուրախությամբ չի նշվել:

Ըստ Արմենուհու՝ եղբայրը մշտապես հարբեցողությամբ է զբաղվել, չի աշխատել, ծխախոտի ու խմիչքի փողն իրենցից է ուզել: Հարբած ժամանակ Գագիկը, ըստ Արմենուհու, ծեծել ու ստորացրել է իրեն ու մորը, կոնֆլիկտների մեջ է եղել իրենց մյուս եղբոր՝ Նորիկի հետ:

Համատեղ ապրելու ընթացքում Գագիկը, Արմենուհու ասելով, սեռական ոտնձգություններ է կատարել իր նկատմամբ ու բազմիցս ծեծել է իրեն, որովհետև ինքը միշտ մերժել է նրան:

Գագիկը, ըստ Արմենուհու, պահանջել է կամ աղջիկ գտնել իր համար, կամ բավարարել իր սեռական ցանկությունները: Նա ասել է. «40 տարեկան ես, ո՞ւմ համար ես մնացել»:

Եթե նման պահանջները պարբերաբար կրկնվել են, ապա քույրը կարող էր եղբոր հետ նույն հարկի տակ չապրել, կարող էին, ասենք, վաճառել հայրական տունը, յուրաքանչյուրն իր մասնաբաժինը կարող էր վերցնել: Բայց Արմենուհու ներկայացնելով՝ եղբոր անբարո վարքագիծը իրեն դրդել է… անգամ ինքնասպան լինել, միայն թե մորը խղճացել ու նման բան չի արել:

Բողոքել է ոստիկանություն: Իրենց հորդորել են հաշտվել, խաղաղ ապրել:

Սպանության օրը խայտառակությունից խուսափելու համար է ինքը դանակով հարվածել Գագիկին, բայց սպանելու դիտավորություն չի ունեցել: Այդ քայլին գնացել է «իր ու ընտանիքի պատիվը փրկելու համար»:

Ըստ Արմենուհու՝ Գագիկը դեռ 80-ականներին հոր հետ վիճել ու հրդեհել է իրենց տունը: Հայրը նրան վռնդել է տնից: Երկար ժամանակ Գագիկից տեղեկություններ չեն ունեցել: Հայրը նրա դարդից ինքնասպան է եղել 1995 թվականին:

Նախաքննական ցուցմունքում Արմենուհին հայտնել է, թե Գագիկի հետ միշտ եղել է լարված հարաբերությունների մեջ, որովհետև նա միշտ փորձել է իշխող դերում լինել, իսկ ինքը չի ենթարկվել:

Սպանության օրը՝ նոյեմբերի 18-ի երեկոյան, Գագիկը խմել է: Տանը եղել են երեքով՝ եղբայրը, ինքը, մայրը:

Վիճել են: Գագիկը իրեն անվանել է անբարոյական, գործ տվող: Ինքն էլ նրան ասել է. «Ի՞նչ ես գլխիս սարքում, գիտես, որ ստորագրությունով բաց թողնված մարդ եմ»:

Գագիկը խփել է իր այտին: Ինքը մորը դուրս է հանել տնից, դարակից վերցրել է խոհանոցային դանակը ու երեք անգամ հարվածել է եղբոր կրծքին:

Նա ընկել է հատակին ու չի խոսել: Ինքը դանակը գցել է հատակին, դուրս է եկել բակ, այնտեղ գտնվող մորն ասել է. «Տղուդ դանակով խփել եմ, գնում եմ հանձնվեմ»:

Հարևանուհու տնից զանգահարել է ոստիկանություն ու հայտնել իր կատարածի մասին:

Նախաքննական մեկ այլ ցուցմունքում Արմենուհին հայտնել է, թե Գագիկն իրեն միշտ լկտի է պահել, բայց իր նկատմամբ բռնաբարության փորձ չի կատարել, ցանկացել է բառերով ճնշել, որ ինքը հեռանա տնից, ու տունը մնա նրան:

Առաջին դեպքից հետո, երբ Գագիկը դանակի երկու հարված էր ստացել ու ողջ էր մնացել, որպես տուժող տված ցուցմունքում հայտնել է, թե Արմենուհին դանակով խփել է իրեն աջ կողմից, հետո ձախ կողմից, ընկած տեղը ոտքով հարվածել է իրեն ու ասել. «Դու պիտի մեռնես արյան մեջ, սա մեր տունն է…»:

Բոլորը, այդ թվում՝ մայրը, տնից դուրս են եկել՝ իրեն արյան մեջ թողնելով: Ինքը զանգել է հոր ընկերոջը ու խնդրել, որ շտապ գա ու իրեն օգնի…

Արմենուհու և Գագիկի մայրը հայտնել է, թե Գագիկը, ճիշտ է, իր հարազատ որդին է, բայց իրենց հանդեպ ունեցել է լկտի պահվածք, Արմենուհու հետ խոսել է սեքսի թեմաներով…

Մայրը չի ցանկացել սպանված տղայի իրավահաջորդը լինել: Չի ցանկացել, որ իր որդի Գագիկի դիակը տուն տանեն ու տնից հուղարկավորեն, քանի որ նա «դրան արժանի չի եղել»:

Դիարանից Գագիկին գերեզմանոց է տարել ու հողին հանձնել նրա մյուս քրոջ ամուսինը…

Դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ Արմենուհու մոտ հայտնաբերվել են բնավորության փսիխոպաթիկ գծեր: Նա ճանաչվել է մեղսունակ:

Սպանության օրը, ըստ դատահոգեբանական փորձաքննության եզրակացության, Արմենուհին եղել է հոգեկան խիստ լարված վիճակում, ինչն էապես ազդել է նրա վարքի ու գիտակցության վրա՝ նվազեցնելով վարքի գիտակցված կառավարման ունակությունը: Այդ վիճակը, ըստ փորձագետի, մոտ է եղել ֆիզիոլոգիական աֆեկտին, բայց դեռ աֆեկտ չի եղել:

Ընդհանուր իրավասության դատարանն ապացուցված է համարել ամբաստանյալ Արմենուհուն մեղսագրված արարքները:

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ հանցավոր արարքները գործվել են տուժողի հակաբարոյական վարքագծի հետևանքով:

Այդ հանգամանքը համարելով բացառիկ՝ դատարանը դիտավորյալ սպանության համար ամբաստանյալի նկատմամբ սահմանել է օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ:
Արմենուհին հարազատ եղբոր նկատմամբ կատարած երկու հանցավոր արարքների համար վերջին հաշվով դատապարտվել է 6 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2012 թվականի նոյեմբերի 19-ից:
Վերաքննիչ դատարանում Արմենուհին գրգռված տոնով երեք դատավորներին ասաց. «Մտածեք՝ եթե դուք լինեիք իմ տեղը, ի՞նչ կանեիք»:

Դատարանը դիտողություն արեց ամբաստանյալին, նրա հարցը անվանեց «ոչ կոռեկտ»: «Դուք ձեր արարքի մասին խոսեք, դատարանին ձեզ հետ մի՛ համեմատեք»,- ասաց նախագահողը:

Արմենուհին պնդեց. «Դուք ճիշտ գնահատեք: Ես սպանելու համար չեմ դանակով խփել, սպանելու ցանկություն չեմ ունեցել, հոդվածը ճիշտ չի…»:

Արմենուհու խոսքը չոր էր, ինչպես դեմքը, ինչպես ամբողջ կերպարանքը՝ չզղջացող, համառ, իրասածի…

Վերաքննիչ քրեական դատարանը պաշտպանի բերած վերաքննիչ բողոքը մերժեց:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 6 տարի ազատազրկումով, թողնվեց անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում