Թուրքական haber365.com կայքի հաղորդմամբ, այսօր լրանում է Թուրքիայի վարչապետի պաշտոնում Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնավարության 8-րդ տարելիցը:
2002 թվականի նոյեմբերին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ Էրողանի գլխավորած, չափավոր իսլամիստական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, իսկ 2003 թվականի մարտի 15-ին Էրդողանը դարձավ Թուրքիայի վարչապետ` այդ պաշտոնում փոխարինելով ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլին:
Վերջինս, ի դեպ, ամենակարճ ժամկետով (115 օր) պաշտոնավարած թուրք վարչապետն է, մինչդեռ Էրդողանը «երկարակյաց վարչապետների» ցուցակում զբաղեցնում է պատվավոր 4-րդ տեղը` զիջելով միայն Իսմեթ Ինյոնյուին (16 տարի, 4 ամիս, ընդհատումներով` 1923-1937 թվականներ), Սուլեյման Դեմիրելին (10 տարի, 10 ամիս, ընդհատումներով` 1975-1993 թվականներ) և Ադնան Մենդերեսին (10 տարի, 5 օր, 1950-1960 թվականներ):
Հիշեցնենք, որ 1994-1998 թվականներին Էրդողանը եղել է Ստամբուլի քաղաքապետ, սակայն 1998 թվականի փետրվարի 21-ին թուրքական դատարանը, կրոնական ու ռասիստական ատելություն բորբոքելու համար, Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ կետով Էրդողանին դատապարտել է մեկամյա բանտարկության և նշանակել 860 միլիոն թուրքական լիրա տուգանք (ցույցերից մեկի ժամանակ Էրդողանն արտասանել էր. «Մինարեթները մեր սվիններն են, գմբեթները` մեր սաղավարտները, մզկիթները մեր զորանոցներն են, իսկ հավատացյալները` մեր զինվորները»):
Էրդողանի բողոքարկումներից հետո նախ այդ պատժաչափը նվազեցվեց մինչև 10 ամսվա, իսկ տուգանքը` մոտ 177 միլիոնի, ապա Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 1998 թվականի սեպտեմբերի 24-ին վճռեց, որ Էրդողանը բանտում պետք է անցկացնի 4 ամիս:
Էրդողանը բանտից, ուր հայտնվել էր մարտի 26-ին, դուրս եկավ 1999 թվականի հուլիսի 24-ին: