ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա նիստում, ձայների 5 կողմ, 2 ձեռնպահ համամասնությամբ, կայացրեց որոշում, համաձայն որի, Գեղարքունիքի մարզի Դարանակ համայնքի 27.03.2011թ. վերաքվեարկության համար լիազոր մարմնի կողմից կազմվող ընտրողների ցուցակում կարող են ընդգրկվել և ընտրություններին մասնակցել միայն մինչև նոր ընտրությունները հաշվառված քաղաքացիները:
Որոշումը չի տարածվում այն քաղաքացիների վրա, ովքեր Դարանակ համայնքում հաշվառվել են ամուսնության, զինված ուժերից զորացրվելու կամ այդ համայնքում անշարժ գույք ձեռք բերելու հիմքերով:
Հիշեցնենք, որ Դարանակ համայնքում 2011 թ. փետրվարի 27-ին նախատեսված համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունը չի կայացել սահմանված ժամկետում թեկնածուների չառաջադրվելու պատճառով, և նոր ընտրություններ են նշանակվել 2011-ի մարտի 6-ին:
Մարտի 6-ի ընտրություններից երկու օր առաջ պարզվել է, որ համայնքի ընտրողների թիվն ավելացել է 50 տոկոսով՝ 122-ից դառնալով 181: Եվ հենց այս պատճառով քվեարկության օրը՝ ժամը 12:00-ին, քվեարկությունը դադարել է քվեաթերթիկները սպառվելու պատճառով:
Թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մարտի 7-ին որոշում է կայացերլ մարտի 6-ին կայացած քվերակությունը ճանաչել անվավեր, և մարտի 27-ին նշանակվել է վերաքվեարկություն:
ԿԸՀ-ն իր այսօրվա որոշմամբ ցանկանում է կանխել հետագա խախտումները, որոնք հնարավոր է՝ գրանցվեն մարտի 27-ի քվեարկության ժամանակ: