Պաղեստինի ղեկավարությունը երկուշաբթի օրը հերթական մերժումով է պատասխանել Իսրայելի վարչապետի՝ ՄԱԿ-ին ՊԱԱ-ի պետականության ճանաչման դիմում ներկայացնելու փոխարեն խաղաղ բանակցությունները վերսկսելու մասին առաջարկությանը:
Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլ Աբու Ռուդեյնը հայտարարել է, որ պաղեստինցիները երկխոսության կվերադառնան ոչ շուտ, քան ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեան նրանց կշնորհի կազմակերպությունում դիտորդ-պետության կարգավիճակ՝ ընդունելով 1949-1967 թվականների նախապատերազմական սահմանները:
«Երբ մենք ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայից կվերադառնանք դիտորդ-պետության կարգավիճակով և ընդունված սահմաններով, այդ ժամանակ էլ կանցնենք ուղիղ բանակցություններին՝ անվտանգության և կայունության պահպանման համար»,- ասել է Աբու Ռուդեյնը:
«Ես կոչ եմ անում նախագահ Աբբասին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ անմիջապես և առանց որևէ նախապայմանների: Խաղաղության կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով, ոչ թե ՄԱԿ-ին ուղղված միակողմանի դիմումներով: Այսպիսի գործողությունները մեզ կհեռացնեն խաղաղությունից և չեն նպաստի կայունությանը»,- ասել է Իսրայելի վարչապետը:









































