Վրաստանում հունիսի 15-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Երկրի 12 խոշոր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Թբիլիսիում, ընտրվելու են քաղաքապետեր: Վրաստանի քաղաքացիներն ընտրելու են նաև 59 տեղական վարչակազմերի ղեկավարների:
Հայաբնակ Ջավախքում ընտրվելու է ոչ թե քաղաքապետ, այլ մունիցիպալիտետ՝ տեղական ինքնակառավարման մարմին: Ջավախքը չի մտնում ինքնակառավարվող քաղաքների ցանկը: Ջավախքցիներն ընտրելու են վարչության նախագահ, ինչպես նաև 37 պատգամավոր՝ 15-ը միամանդատ, 22-ը՝ բազմամանդատ:
«Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այնտեղ ընտրվող պատգամավորները պետք է ջավախքցիների համար նախընտրելի լինեն՝ ուրիշ ոչ մի գործոն չպետք է այս ընտրությունների հետ առնչություն ունենա․ «Եթե այնտեղ իշխանափոխություն է լինում, չի նշանակում, որ Ջավախքում բոլորովին այլ թիմ պետք է հանդես գա: Այն մարդիկ, որոնք մտահոգված են իրենց տարածաշրջանի խնդիրներով, կզբաղեցնեն պատգամավորների տեղերը»:
Տաճատ Վարդապետյանն ասաց նաև, որ, ցավոք, նախընտրական շրջանում «Վրացական երազանք»-ի տված խոստումներն առայժմ չեն իրականացել. «Կարծես դանդաղ են իրականանում, բայց հույս կա, ակնկալում ենք, որ հայ-վրացական հարաբերությունների կոնտեքստում բազում խնդիրներ լուծում կստանան»:
Մանրամասները՝ տեսանյութում։