Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յուկիո Էդանոն հայտարարել է, որ «Ֆուկուսիմա -1» ատոմակայանում, որտեղ վնասվել են 6 էներգաբլոկներից 4-ը, սկսել են տաքանալ նաև 5-րդ և 6-րդ էներգաբլոկները: Այս մասին հաղորդում է ճապոնական Kyodo գործակալությունը: «Կա ջերմաստիճանի աննշան բարձրացում: Սակայն դրան պետք է ուշադրություն դարձնել»,- ասել է Էդանոն մամուլի ասուլիսի ժամանակ:
ՄԱԳԱՏԵ-ն իր հերթին հայտարարել է, որ ռադիոակտիվ թափոնների պահեստում տեղի ունեցած հրդեհը մարվել է: «Ճապոնիայի իշխանությունները հաստատել են, որ Կուկուսիմայի ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի մոտ միջուկային թափոնների պահեստում բռնկված հրդեհը մարվել է»,- ասվում է ՄԱԳԱՏԵ-ի հայտարարության մեջ:
«Առաջին լրատվականը» հաղորդել է, որ այս վերջին պայթյուններն ու հրդեհն իսկական խուճապ են առաջացրել մայրաքաղաք Տոկիոյում, քանի որ նրա շրջաններից մեկում նկատվել է ռադիացիոն ֆոնի բացասական փոփոխություն: Որոշ լրատվամիջոցներ հաղորդում էին, որ ռադիացիոն ֆոնը գերազանցել է նորման մոտ 40 անգամ: Ճապոնիայի իշխանություններն անընդհատ հանգստության կոչեր են անում` նշելով, որ այս պահին խոսք չկա լայնամասշտաբ աղետի մասին: