Ինչպես գրում է ռուսական РБК daily-ն, Ուզբեկստանի իշխանություններն առաջինն էին, որ արձագանքել են աշխարհում տեղի ունեցող հեղափոխություններին: Նրանք դիմել են երկրի հեռահաղորդակցության շուկայի առաջատարներին` հրահանգելով տեղեկություններ տրամադրել այն ժամանակ, երբ իրենց ցանցերում կնկատվի կարճ հաղորդագրությունների զանգվածային ուղարկում: Բացի այդ, իշխանությունները օպերատորների տեղեկացրել են, որ կապն անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել` երկրի իշխանությունների առաջին իսկ պահանջի դեպքում:
Այս տեղեկությունը հաստատել են թե՛ Ուզբեկստանի կապի և տեղեկատվության նախարարությունում և թե՛ երկրում գործող բջջային օպերատորները: Նաև հրահանգ կա ինտերնետ կապ տրամադրող ընկերություններին` հետևելու ակտիվությանը սոցիալական ցանցերում: Ուզբեկստանում են գործում բջջային կապ տրամադրող ռուսական երկու ամենամեծ ընկերությունները` МТС-ը և Վիմպելկոմ-ը (Beeline ապրանքանիշ), որոնցից առաջինում հայտնել են, որ իշխանությունների հրահանգների մասին տեղեկություններ չունեն, իսկ երկրորդում` հրաժարվել են մեկնաբանել այդ լուրերը:
Կազանի Տարածաշրջանային և էթնոդավանաբանական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռայիս Սուլեյմանովը կարծում է, որ արաբական հեղափոխությունների սցենարը կարող ենք տեսնել նաև ԱՊՀ երկրներում. «Հասարակական-քաղաքական իրողությունները ԱՊՀ երկրներում ընդհանուր նմանություններ ունի Մաղրիբի արաբական երկրների հետ (Թունիս, Ալժիր). ահռելի չափերի հասնող կաշառակերություն, հովանավորչություն, իշխանության կլանայնություն, գործազրկություն, մեկ առաջնորդի կամ տոհմի բազմամյա ղեկավարում, և որ ամենակարևորն է` իսլամական ծայրահեղականության առկայությունը»,- նշում է փորձագետը:
Նրա կարծիքով, եգիպտոսա-թունիսյան սցենարի կրկնումն առավել հավանական է առաջին հերթին Տաջիկստանում, Արբեջանում և Ուզբեկստանում: