«Եթե ակտիվիստները դեմ են պուրակի անվանակոչմանը, ուրեմն դեմ են Միսաք Մանուշյանին: Թող բացեն պատմությունը և կարդան, տեսնեն՝ ով ա եղել Միսաք Մանուշյանը և ինչ ա արել»,- այսօր Մաշտոցի պուրակում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով պուրակի անվանակոչմանը՝ ասաց Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանը:
Մեր հարցին, թե ինչո՞ւ է ավագանու ընտրությունը կանգ առել հենց Մաշտոցի պուրակի վրա, այլ տարբերակ չի՞ քննարկվել, տիկին Նահապետյանն արձագանքեց. «Որովհետև սա ոչ մի անվանակոչում չուներ: Մենք հիմա անվանակոչում ենք, ոչ թե անվանափոխում: Եվ ավագանու որոշումը եղել է անվանակոչման»:
Մեր հաջորդ հարցին՝ ինչո՞ւ է ավագանու որոշումը թաքուն կայացվել և թաքուն պահվել հասարակությունից, ավագանու ՀՀԿ-ական անդամն արձագանքեց. «Բոլոր տեղերը և արձանագրությունները կան: Ուղղակի ուշադիր չեք եղել, չեք կարդացել»:
Նշենք, սակայն, որ ոչ ոք նախապես տեղյակ չի եղել պուրակի անվանակոչման գործընթացին: Այդ մասին հայ հանրությունը իմացել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցից մեկ օր անց, երբ պուրակում նախապատրաստական աշխատանքներ էին տարվում: