Երեկ Փարիզում կայացած «Մեծ ութնյակի» արտաքին գործերի նախարարների նիստի ժամանակ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշման հասնել Լիբիայի ներքաղաքական ճգնաժամին լուծումներ տալու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը` հղում անելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեի հայտարարությանը, որը արվել է արտաքին գործերի նախարարների հավաքից հետո:
Ալեն Ժյուպեի խոսքերով, «Մեծ ութնյակի» երկրների կարծիքները բաժանվել են: Ժյուպեն ասել է, թե իրեն դեռ չի հաջողվել դիվանագետներին համոզել, որ Լիբիայի օդային տարածքը փակելն անհրաժեշտություն է, ինչպես պնդում է Ֆրանսիան: Ակնկալվում է, որ այսօր Լիբիայի ներքաղաքական իրավիճակը կքննարկվի ՆԱՏՕ-ի` այսօր գումարվելիք խորհրդում, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: