Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը ողջունել է Պաղեստինյան ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասի հայտարարությունը՝ ներկայում Իսրայելի տարածքում գտնվող իրենց նախկին տները վերադառնալու պաղեստինցի փախստականների իրավունքների մասին: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ Աբասը հարցազրույցում ասել էր, որ չի ցանկանում բնակվել իր հարազատ Սաֆեդ բնակավայրում, որը դարձել է իսրայելական պետության մաս: Շատ վերլուծաբաններ այս արտահայտությունը ընդունել են որպես պաղեստինյան ղեկավարության նախկին կոշտ դիրքորոշման վերանայում, իսկ ՀԱՄԱՍ խմբավորումը խստորեն քննադատել էր Աբասին:
Միևնույն ժամանակ Շիմոն Պերեսը հայտարարել է` Մահմուդ Աբասի խոսքերը ապացուցում են, որ Իսրայելի հետ խաղաղ բանակցությունների իսկական գործընկեր է հայտնվել:











































