«Հրազդանում ոչ ոք չգիտի՝ անհետ կորածի ընտանիքը կա՞, ո՞վ ենք, ի՞նչ ենք. առայսօր ոչ ոք ոչինչ չգիտի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց 1993-ին անհետ կորած «Սասուն» ջոկատի ազատամարտիկ Աշոտ Ներսիսյանի կինը՝ Ժանետ Ներսիսյանը:
«Աշոտը երկրաշարժի ժամանակ գնաց՝ արյուն տվեց, գնաց՝ օգնեց երկրաշարժից տուժածներին, ինքն իր կամքով, համաձայնությամբ, ասում էր՝ ես հայրենասեր եմ, պետք է մինչև վերջ պայքարեմ, ու մինչև վերջ պայքարեց, որ այսօր մի քար էլ չունենա»,- ասաց կինը՝ հավելելով, որ անկախությունը ոչինչ չտվեց, ազատամարտիկների ընտանիքներին անտեսում են, 93 թվականից մինչ այսօր ամուսնուն չեն ճանաչել որպես անհետ կորած:
Վանատուրում հաղթանակը հավերժացնող հուշարձանի մոտ Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին այցելել էր նաև տիկին Ժանետը՝ ծաղիկներ դնելու: Եկել էին Հայրենական պատերազմի վետերաններն ու «Սասուն» ջոկատի ազատամարտիկները:
Աշոտ Ներսիսյանի ութամյա թոռնիկը՝ Լևոնը, գիտի, թե ով է պապը. «Հայրենիքի համար է կռվել պապիկս»,- հպարտորեն ասաց Լևոնը՝ հավելելով, որ ինքն էլ է պատրաստ կռվելու, ապա ասմունքեց. «Քայլում են նորից վեհ դրոշի տակ, մեր զինվորների շարքերը շիտակ… երբ ծիծաղում ես, դու՝ մանկիկ իմ ժիր, ծիծաղը փրկող զինվորին հիշիր»:
Աշոտ Ներսիսյանի ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում: Լևոնը հորը խորհուրդ է տվել գնալ և Ազատության հրապարակում նստացույց անել, քանի որ կարծում է՝ պետությունն անտեսում է իրենց:
Ավելին՝ տեսանյութում: