Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում մասնակցել է Անուշ Հովհաննիսյանի՝ «Նայիր աշխարհին իմ գույներով» խորագիրը կրող առաջին անհատական ցուցահանդեսի բացմանը։ Ցուցահանդեսը կազմակերպվել և անցկացվել է քաղաքապետի անմիջական աջակցությամբ։
Գրաֆիկա, գծանկար, բնանկար, նատյուրմորտ, վիտրաժ, բատիկա և կերամիկա․ ներկայացված տասնյակ գործերում արտահայտելով իր հոգու վառ գույները՝ հեղինակը ջանացել է դիտողին փոխանցել բացառապես դրական լիցքեր։
Շրջելով ցուցասրահում և ծանոթանալով աշխատանքներին՝ Տարոն Մարգարյանը շնորհավորել է երիտասարդ նկարչուհուն, մաղթել ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։
Անուշ Հովհաննիսյանը նշել է, որ իր և երիտասարդ այլ նկարիչների համար անչափ կարևոր է նման վերաբերմունքը և այն լրացուցիչ խթան է նոր գործերի ստեղծման համար։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Անուշը, ի նշան երախտիքի, իր վերջին կտավներից մեկը սիրով նվիրել է Երևանի քաղաքապետին։








































