Մոսկվայում այսօր հանդիպելու են Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը: Սերժ Սարգսյանը Մոսկվա է մեկնել ոչ այն է ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու, ոչ այն է Պուտինի հետ հանդիպելու բուն նպատակով:
Երեկ Հայաստանում մեծ արձագանք էր գտել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությունը, որ նա արել էր ռուսալեզու մի գործակալությանը տված հարցազրույցում: Դեսպանը հայտարարել էր, որ պետք է լուծել հայ-ռուսական բարեկամությանը հակա հանդես եկող հասարակական կազմակերպությունների հարցը և առաջարկել էր կիրառել Ռուսաստանում ոչ ցանկալի ՀԿ-ների հանդեպ կիրառված մեթոդները, որոնց գրեթե օտարերկրյա լրտես են հռչակում: Ռուսաստանի դեսպանի այս հայտարարությունը մեծ զայրույթի ալիք է բարձրացրել Հայաստանի քաղաքացիների շրջանում: Սակայն իշխանություններից որևէ արձագանք բնականաբար չկա:
Եվ դեսպանի այս` ըստ էության անարձագանք հայտարարություններից հետո, այսօր Մոսկվայում Պուտին-Սարգսյան հանդիպումը դժվար է ըստ էության այլ կերպ ընկալել, քան անցանկալի ՀԿ-ների հետ հաշվեհարդարի կապակցությամբ ուղղակի ցուցումներ ստանալու գործողություն, որի համար Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա: Հարցն այն է, որ դեսպանի նման հայտարարություններից հետո Սերժ Սարգսյանը Մոսկվա մեկնելու երկու պատճառ պետք է ունենար՝ կա՛մ գնալ ու այսպես ասած` փորձին հաղորդակցվել կամ անմիջական ցուցումներ ստանալ, թե ինչպես վարվել անցանկալի ՀԿ-ների հետ, կա՛մ գնալ և այնտեղ իր վճռական բողոքը ներկայացներ դեսպանի նման ամբարտավան հայտարարությունների, ըստ էության Հայաստանի ներքին գործերին միջամտելու կապակցությամբ:
Մենք, սակայն, գիտենք, որ Սերժ Սարգսյանը նման վճռականությունների ունակ չէ: Մենք բոլորս տեսել ենք մեկ ժամում Եվրամիությունից դեպի Մաքսային միություն նրա շրջադարձը: Այնպես որ, լիովին պարզ է դառնում, թե ինչի համար է Սերժ Սարգսյանը գնացել Մոսկվա և ինչի համար է այսօր հանդիպում Պուտինի հետ: Ըստ որում` պետք չէ բացառել, որ ՀԿ-ների դեմ պայքարը կներառվի Մաքսային կամ Եվրասիական միությանը անդամակցելու Հայաստանի «ճանապարհային քարտեզի» մեջ, որպես անդամակցության համար պարտադիր կատարման ենթակա կետ: