Արմավիրում քաղաքապետի թեկնածուների միջև պայքար է ընթանում, սակայն ամեն ինչ անցնում է շատ նորմալ և խաղաղ։
Ավելին, անձամբ նախագահ Սերժ Սարգսյանն է հրահանգել, որ ընտրությունները անցնեն առանց ավելորդություների։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետարանի մամուլի քարտուղար Հերմինե Վարդանյանը։
«Անկախատեսելի է, թե ով կընտրվի։ Այս պահի դրությամբ 2 թեկնածուների հնարավորություններն էլ հավասար են թվում։ Հիմնական ընտրապայքարը, ինչպես ցույց է տալիս ստեղծված իրավիճակը, ընթանալու է գործող քաղաքապետ, հանրապետական Ռուբեն Խլղաթյանի և ավագանու անդամ, անկուսակցական Սևակ Մինասյանի միջև։
Այս ընտրապայքարում քաղաքապետի առավելությունը այն է, որ նա արդեն 2 շրջան է՝ ղեկավարում է, իսկ Սևակ Մինասյանը ավագանու անդամ է»,- ավելացրեց մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք, որ մարտի 20-ին Արմավիրում կայանալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար գրանցված հինգ թեկնածուներից ընտրապայքարը շարունակում են չորսը` գործող քաղաքապետ, հանրապետական Ռուբեն Խլղաթյանը, անկուսակցականներ, «Եռասյուն» ՍՊԸ իրավաբան, Արմավիր քաղաքի ավագանու անդամ Սևակ Մինասյանը, ոչ մի տեղ չաշխատող Կարեն Վարդանյանը և Առնակ Գևորգյանը: