«Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ Հայաստանի բարձրաստիճան մի շարք ոստիկաններ մարտի 9-12-ը գտնվելու են ԱՄՆ Կանզաս նահանգում` հանդիպելու տեղի ոստիկանության ներկայացուցիչների հետ:
Ծրագրի նպատակն է (այն կազմակերպված է մի շարք միջազգային և տեղական կառույցների աջակցությամբ` Կանզասի ոստիկանություն, ԵԱՀԿ և այլն) օգնել Հայաստանին զարգացնելու համայնքային ոստիկանության համակարգը և մտքեր փոխանակել իրավապահ համակարգի բարեփոխումների վերաբերյալ: Ստորև ներկայացվող ռեպորտաժում նշվում է, սակայն, որ ներկայումս հայ ոստիկանները կենտրոնացած են միայն այն բանի վրա, թե ինչպես պաշտպանել կառավարությունը հնարավոր ապստամբությունից:
Հանդիպմանը Հայաստանից մեկնել են ՀՀ ոստիկանության հասարակական կարգի պահպանման վարչության պետի տեղակալ, գնդապետ Կարեն Մեհրաբյանը, Արաբկիրի ոստիկանապետի տեղակալ, փոխգնդապետ Վլադիմիր Ավակիմյանը, Էրեբունու ոստիկանության հանցագործությունների կանխարգելման ստորաբաժանման պետ Արմեն Դոյդոյանը, Արաբկիրի ոստիկանության թաղային ստորաբաժանման պետ, մայոր Վարդան Հովհաննիսյանը և ՀՀ ոստիկանության տեղեկատվական-վերլուծական ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Հակոբ Պետրոսյանը:
Ձեզ ենք ներկայացնում KSCW-TV պատրաստած տեսանյութը, որտեղ մեր «բարձրաստիճանները» ուշադիր լսում են, թե ինչպես են վարվում ոստիկանները քաղաքացիների հետ քաղաքակիրթ հասարակություններում: