Սիրիայում զինյալ ընդդիմության գրոհայինները ականետներով ռմբակոծել են Դամասկոսի կենտրոնում գտնվող Սալհիա վաճառաշահ փողոցը: Նշվում է, որ ռումբեր են նետվել նաև Արնուս հրապարակի ուղղությամբ և ընկել Էլ-Հասան մզկիթի մերձակայքում: Զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ 23-ը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Ռումբերից մեկի պայթյունի հետևանքով ուժեղ հրդեհ է բռնկվել Դեր-էս-Սալյամ դպրոցի և Սիրիայի ազգային ժողովի մերձակայքում: Քրիստոնեական Կասսա թաղամասում ռումբն ընկել է ֆրանսիական հոսպիտալի մուտքի մոտ: Այնտեղ ինը մարդ է վիրավորվել:
Ականանետային հարձակման են ենթարկվել նաև Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի` Հալեպի կենտրոնական թաղամասերը: Ռումբեր են ընկել Սադալլահ էլ-Ջաբիրի հրապարակում և Էլ-Ջամիլ շրջանում: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվն այնտեղ հասել է վեցի, վիրավորվել է ավելի քան 30 մարդ: