«Ռյուգյոն» հյուրանոցը, որի շինարարությունը շարունակվում է արդեն մեկ քառորդ դար, Փխենյանում այցելուների առջև դռները կբացի 2013-ի կեսերին: Հայտնի հյուսիսկորեական կառույցի առաջին այցելուները կլինեն չինական պատվիրակության անդամները՝ համաձայն երկու երկրների իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության: Այս մասին հայտարարել է Kempinski Hotels ընկերության նախագահ Ռետո Վիտերը:
Շինությունը, որը մի ժամանակ հավակնել է աշխարհի ամենաբարձր աշտարակի կոչմանը, ունի 105 հարկ, 330 մետր բարձրություն: Այն իր մեջ կներառի 150 համար:
Հյուրանոցի շենքը կազմված է 3 թևից, յուրաքանչյուրի ճակատային մասը ունի 100 մետր երկարություն և 18 մետր լայնություն: Հյուրանոցի շինարարությունը սկսվել էր 1987 թվականին: Ձգձգումների պատճառը շինարարական նյութերի սղությունն էր և ներդրումների պակասը, ինչի հետևանքով իշխանությունները թուլացրել են ներդրողների նկատմամբ վերահսկողությունը՝ նրանց թույլ տալով խաղատների և գիշերային ակումբների կառուցում: