Քրդական Firat լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ բանտարկություն կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանն իր փաստաբանների միջոցով անդրադարձ է կատարել Թուրքիայում բնակվող հայերին առնչվող խնդիրներին.
«Հայերը ցեղասպանություն և կոտորած վերապրած ազգ են: Հայերը ներկայիս վիճակում են հայտնվել իրենց նեղ ազգայնականության պատճառով, ինչի պատասխանատուն Անգլիան է:
Անհրաժեշտ է, որ հայերն այսօր հրաժարվեն իրենց նեղ և քրիստոնեության վրա խարսխված կրոնական ազգայնականությունից, ինչն էլ ժամանակին նրանց պարտության պատճառ է հանդիսացել»:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի կեսերին էլ Օջալանը հայտարարել էր, թե 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերին կոտորեցին, որպեսզի հրեաները պետություն ունենան.
«Այն ժամանակ Ռուսաստանն ու Անգլիան կատաղորեն մրցակցում էին մերձավորարևելյան տարածաշրջանում և Իրանին, Աֆղանստանին ու Թուրքիային համապատասխանաբար դիտարկում էին որպես բուֆեր-որոնում-հավասարակշռություն:
Թուրքիա պետության ստեղծման մեջ մեծ է հրեաների ավանդը: Հրեաներին օժանդակում էին անգլիացիները, որոնք Թուրքիան դիտարկում էին որպես հրեաների համար հայրենի երկիր և ցանկանում էին հրեական պետություն ստեղծել Թուրքիայում: Այսինքն՝ այն ժամանակ Թուրքիան հիմնականում ստեղծվեց որպես նախա-Իսրայել (Իսրայել պետության նախատիպ):
Հենց այդ նպատակով էլ նախ քրիստոնյաներից մաքրեցին Անատոլիան` ֆիզիկապես ոչնչացնելով տեղի հայերին և ասորիներին, ապա եկավ քրդերի հերթը: Սակայն քրիստոնյաների և քրդերի ցեղասպանությունները տարբերվում են միմյանցից, քանի որ քրիստոնյաներին հաջողվեց ֆիզիկապես բնաջնջել, իսկ քրդերին` ոչ»: