Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվեց Ջոն Խալաթյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ երկրորդ կուրսեցի 18-ամյա Ջոն Խալաթյանը 2013 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 14-ի սահմաններում պետական ճարտարագիտական համալսարանի բակում փոխադարձ կատակների կապակցությամբ վիճաբանել է անչափահաս ուսանող Կարեն Մարգարյանի հետ:
Վերջինս ապտակել է Ջոնին:
Ջոնը, այդ ապտակից իրեն նվաստացած զգալով, գնացել է տուն, վերցրել ծալովի դանակը և դուրս եկել բակ: Նա գիտեր, որ Կարենը հաճախ է այցելում Ջրվեժի Մայակ թաղամասի այդ բակ, որտեղ նրա հորաքույրը խանութ-տաղավար ունի:
Ջոնը տաղավարի հարևանությամբ տևական ժամանակ գնացել-եկել ու սպասել է Կարենին: Երբ տեսել է նրան, կանչել է շենքի մուտք:
Կարենը գնացել է: Ժամը 16-ն անց 10 րոպեին շենիք մուտքում Ջոն Խալաթյանը կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով 2 անգամ հարվածել է անչափահաս Կարեն Մարգարյանի որովայնի առաջնային պատին:
Վիրավոր Կարեն Մարգարյանը դուրս է եկել մուտքից, վազել դեպի հորաքրոջ տաղավարն ու վայր ընկել տաղավարի հատակին: Նրան նստեցրել են աթոռին, հետո տաքսիով տեղափոխել են հիվանդանոց, բայց ստացած վերքերից Կարենը հիվանդանոցում մահացել է ժամը 17-ն անց 40 րոպեին:
Ջոն Խալաթյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Խալաթյանի խափանման միջոցը կալանավորումն է:
Այսօր դատարանն անցավ կողմերի վիճաբանություններին:
Մինչ այդ, ամբաստանյալի շահերի պաշտպանը ներկայացրեց մի շարք դրական բնութագրեր՝ Ջոն Խալաթյանի ուսման ու բնակության վայրերից:
Պաշտպանը ներկայացրեց նաև տեղեկանք, որ առողջական վիճակի պատճառով Ջոն Խալաթյանը երեք տարի տարկետում է ստացել զորակոչային հանձնաժողովից:
Տուժողի իրավահաջորդը ներկայացրեց երկուսուկես միլիոն դրամի քաղհայցի պահանջ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:
Տուժողի իրավահաջորդը սպանված Կարեն Մարգարյանի տատիկն է: Նա ամբողջ նիստի ընթացքում արտասվում էր: Դահլիճում էր նաև սպանված տղայի հորաքույրը, ում խանութի մոտ կատարվել էր սպանությունը:
Կարենի ծնողները Հայաստանում չեն:
Մեղադրող Չախոյանը հանդես եկավ մեղադրական ճառով:
Նա ընդգծեց, որ կատարվել է անչափահասի սպանություն, դիտավորյալ հանցագործություն, որի հանրային վտանգավորության աստիճանը շատ բարձր է:
Մեղադրողը նշեց, որ ամբաստանյալ Խալաթյանը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա հայտնել է, թե Կարենին սպանելու դիտավորություն չի ունեցել:
Իրենց ընդհարման առաջին դրվագի ժամանակ՝ ճարտարագիտականի բակում, ինքն ու տուժողը վիճել են: Տուժողը հարվածել է իրեն, գցել գետնին, ինքը վնասվածքներ է ստացել:
Ընկերները մոտակա այգում հաշտեցրել են իրենց:
Գնացել է տուն, շորերը փոխել, ծխելու համար իջել է բակ: Մոտ քսանհինգ րոպե կանգնել է բակում: Տեսել է մոտեցող Կարենին: Վերջինս նորից իրեն վիրավորել է: Նա ֆիզիկապես իրենից ուժեղ էր: Նա է իրեն տարել շենքի մուտք, այնտեղ բռնել է իր պարանոցից:
Ինքը գրպանից հանել է դեռ 9-10 տարեկանից իր մոտ պահվող ծալովի դանակը ու խփել է, որ ազատվի Կարենի ձեռքից:
Կարենը դանակի հարվածները ստացել ու փախել է: Հետո ինքն է դուրս վազել: Տեսել է հորը: Ասել է, թե ինչ է արել: Հայրը նախատել է: Ինքը հեռացել է, ման եկել, ապա վերադարձել է տուն, որտեղ արդեն իրեն սպասում էին ոստիկանները: Նրանք իրեն բերման են ենթարկել ոստիկանություն:
Դատախազը նշեց, որ այս պատճառաբանությունները անհիմն են, դատական քննությամբ դրանք չեն հաստատվել:
Նախաքննական ցուցմունքներում Ջոն Խալաթյանը ոչինչ չի ասել տուժողի կողմից իր պարանոցը սեղմելու մասին: Ասել է, թե դանակն էլ պապի դանակն է եղել, վերջին ձկնորսությունից հետո մնացել էր իր մոտ:
Դատարանում ամբաստանյալի պապը հայտնել է, թե հանցագործության գործիքն իր դանակը չի եղել: Ձկնորսության ժամանակ իրենց մոտ դանակ չի եղել: Իսկ Ջոնի ասածից հետո ինքը ստուգել է ու տեսել, որ իր դանակներից ոչ մեկը չի բացակայում:
Մեղադրողը նշեց, որ բուհի ուսանողը դժվար թե ի վնաս իրեն, ուրիշի թելադրանքով ցուցմունքներ գրեր: Այնպես որ՝ արժանահավատ են նրա նախաքննական ցուցմունքները:
Ամբաստանյալի մեղքը հիմնավորվել է նաև տուժողի հորաքրոջ ցուցմունքներով: Հենց դեպքի օրը հորաքույրը գնացել է համալսարան՝ Կարենի ուսման վարձը մուծելու: Նա մտել է դեկանատ, հետաքրքրվել Կարենի առաջադիմությամբ, մուծել ուսման վարձը, ապա Կարենի հետ տուն է վերադարձել: Ճանապարհին հանդիպել են Կարենի ծանոթ աղջկա: Միասին դեպի տուն են գնացել: Հորաքույրը ճանապարհին փոքր գործ է ունեցել, հապաղել է մի փոքր: Հանկարծ նրան տեղեկացրել են, թե Կարենին խփել են: Հորաքույրը վազել է խանութ, տեսել, որ Կարենն ընկած է խանութի հատակին…
Կարենին տաքսիով ուղարկել են հիվանդանոց: Կարենը ճանապարհից զանգել է հորաքրոջը, ասել է՝ չանհանգստանաք, արդեն ոնց որ լավ եմ զգում ինձ…
Իսկ մեկ ժամ անց հիվանդանոցում մահացել է…
Հորաքրոջ խանութի կողքի կրպակի աշխատողը տեսել է, որ Ջոնը դեպքից առաջ մոտ կես ժամ անհանգիստ քայլել է շենքի մուտքի մոտ…
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ դանակի հարվածներով Ջոնը վնասել է տուժողի որովայնի առաջնային պատը, մեծ ճարպոնը, բարակ ու հաստ աղիները: Մահը վրա է հասել հեմոռագիկ շոկից…
Վնասվածքները պատճառվել են մահից մեկուկես-երկու ժամ առաջ, վերևից ներքև, աջից ձախ ուղղությամբ՝ միակողմանի սայր ունեցող գործիքով:
Ջոն Խալաթյանի մարմնին արձանագրված վնասվածքները թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակել: Նրա պարանոցին վնասվածքներ, սեղմման հետքեր չեն հայտնաբերվել:
Մեղադրողը նշեց, որ առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, Ջոն Խալաթյանը անչափահաս տուժողին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ է սպանել նրան:
Ջոնն առաջին վիճաբանությունից հետո իրեն նվաստացած է զգացել, տրամադրված տուն է գնացել, վերցրել դանակը, դուրս է եկել ու շենքի մոտ սպասել՝ հաստատապես իմանալով, որ տուժողը գալու է հորաքրոջ խանութ:
Եթե նա համարում էր, որ տուժողը ֆիզիկապես իրենից ուժեղ է, կարող էր նրան չսպասել, հետո էլ նրա հետ շենքի մուտք չմտնել: Բայց ինքն է կանչել ու տարել Կարենին…
Մեղադրողն ասաց, թե ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
Նա միջնորդեց Ջոն Խալաթյանին մեղավոր ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, ու դատապարտել 13 տարի ազատազրկման:
Տուժողի իրավահաջորդը՝ տատիկը, իր արտասվախառն խոսքում ասաց, թե պահանջում է, որ ամբաստանյալը պատժվի օրենքի ամբողջ խստությամբ: Նա՛ է պայմաններ ստեղծել սպանության համար՝ վիրավորել է Կարենին, դանակը գրպանում կանչել է նրան: «Կարենի նման էրեխուն՝ ծիծաղը դեմքին պատկեր էրեխուն սպանել է… Թողնում եմ ձեր խղճին, հարգելի՛ դատարան: Ուզում եմ, որ ամենաբարձր պատիժը ստանա: Իմ թոռից բեթար լինի…»,- ասաց սգավոր տատը:
Պաշտպանը ժամանակ խնդրեց պաշտպանական ճառին պատրաստվելու համար: Ամբաստանյալը նյարդայնացած հեռացավ դատարանի դահլիճից:
Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 15-ին: