Ինչպես Արտաշատ քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի բաժնի և Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբերը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ խմբերով տարհանել են Արտաշատ քաղաքի շահումյան փողոցի վրա գտնվող «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ» բանկի Արտաշատի մասնաճյուղի ողջ անձնակազմին:
shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր առավոտյան Արարատի մարզի Հովտաշեն գյուղի բնակիչ` ոմն Աշոտ զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում գործող թեժ գիծ և հայտնել, որ նշված բանկի հետ անլուծելի խնդիրներ ունենալու համար նա պայթեցնելու է բանկը:
Ոստիկանության և ԱԱԾ Արտաշատի բաժինների աշխատակիցները հայտնաբերել են ոմն Աշոտին, ով այս պահին գտնվում է ոստիկանության Արտաշատի բաժնում:
Դեպքի վայր են հրավիրվել նաև սակրավորները, ովքեր ստուգել են, թե շենքի ներսում կա պայթուցիկ, թե ` ոչ: