«Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած պահանջներին որոշ մարդիկ շտապեցին գնահատական տալ և նշեցին, թե դա ուլտիմատում է: Ասեմ, որ դրանով Կոնգրեսը ներկայացրել է մեր երկրի իրավիճակը և դրանից դուրս գալու ելքերը: Առանց խորանալու՝ այն ներկայացվեց որպես ուլտիմատում»,- այսօր հայտարարեց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանի հետ բանավեճի ժամանակ:
Նա ասաց, թե Հայ ազգային կոնգրեսը իր պահանջներից քաղբանտարկյալների ազատարձակման վերաբերյալ է սահմանել վերջնաժամկետներ, սակայն առ այսօր այդ ուղղությամբ որևէ քայլ չի կատարվել: Պարոն Հարությունյանը նաև նկատեց, որ իշխանությունները քաղբանտարկյալների մի մասին, որպես կանոն, ազատ են արձակում ԵԽԽՎ նիստերից առաջ: «Անմեղ մարդիկ են ազատազրկվել և շարունակում են մնալ ազատազրկված»,- ասաց Գրիգոր Հարությունյանը: «Ով ասաց, որ անմեղ են»,- քաղբանտարկյալների անունը լսելիս՝ զայրացավ ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը: