Նյու Յորքի դատարանը որոշում է կայացրել մերժել գործարար Շալամու Նիսիմովի հայցը իր ընկերությունը սնանկ ճանաչելու մասին: Ըստ դատական գործի` Շալամու Նիսիմովը ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդում է Diamond Jewelry պարբերականը:
Ըստ դատական նյութերի՝ նախկին խորհրդային տարածքից ԱՄՆ ժամանած Շալամու Նիսիմովը, որը Նյու Յորքում զբաղվել է ոսկերչական գործունեությամբ, իբր Հայաստան է ուղարկել 5.6 մլն դոլարի ոսկերչական իրեր, սակայն դրա դիմաց գումարները չի ստացել, ուստի դիմել է ամերիկյան համապատասխան ատյաններին՝ իրեն սնանկ ճանաչելու խնդրանքով: Որպես ապրանքի հասցեատիրոջ` նա նշել է ոմն Ֆրունզիկ Մկրտչյանի անունը և նրա կողմից ղեկավարվող Argo LLC ընկերությունը (հրապարակման մեջ նշված է Fruntik Makartichiyan):
Ըստ դատական գործի՝ Նիսիմովը Մկրտչյանի հետ ծանոթացել է դեռ Խորհրդային Միությունում, ապա 15 տարի առաջ վերականգնել է ընկերությունը:
Ամերիկյան իրավապահների հարցման արդյունքում, որն ուղղվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, պարզվել է, որ նման անձ Հայաստանում չկա: Արդյունքում Նասիմովին դատապարտել են առավելագույնը 5 տարվա ազատազրկման: