Վրացական apsny.ge լրատվական կայքի փոխանցմամբ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 3-րդ ալիքով հեռարձակվող «Այժմեական զրույց» հաղորդաշարի ժամանակ անդրադարձ է կատարել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության խնդրին.
«Եթե մեր վրաց գործընկերները շարունակեն իրենց քաղաքականացված դիրքորոշումը, ապա մենք ստիպված կլինենք ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության խնդիրը լուծել առանց նրանց մասնակցության: Այդպիսի հնարավորություն մենք ունենք:
Վրաստանն այս հարցում խոչընդոտներ է հարուցում Ռուսաստանի և Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի սահմանին վրացական մաքսային վերահսկողության վերականգնման համար, սակայն դա այլ խնդիր է և փոխկապակցված չէ ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության հետ: Վրացական կողմի որդեգրած այդ դիրքորոշումն անհեռանկար է»:
Հիշեցնենք, որ 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո` այս տարվա մարտի 10-ին, Ռուսաստանն ու Վրաստանն առաջին անգամ Շվեյցարիայի Բեռն քաղաքում ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության շուրջ նստեցին բանակցությունների սեղանի շուրջ:
Սակայն դա ավարտվեց անարդյունք, քանի որ Ռուսաստանը Վրաստանից պահանջում է վրացական մաքսային վերահսկողության վերականգնման հարցում բանակցային գործընթաց ձեռնարկել ոչ թե իր, այլ` Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հետ: Բանակցային հաջորդ փուլը նախատեսված է ապրիլին: