Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության հիմնած Դեղամիջոցների արտահանումը խթանող խորհուրդը (PHARMEXCIL-Pharmaceuticals Export Promoution Council) մարտի 11-ին, Երևանում կազմակերպեց հանդիպում Հնդկաստանի հայտնի 21 դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների եւ հայկական դեղագործական, դեղերի դիստրիբուտոր և ներմուծող ընկերությունների միջև։ Հանդիպումն անցկացվեց Հայաստանում Հնդկաստանի դեսպանության հովանավորությամբ, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության (ԴԱՆ Միություն) աջակցությամբ։
Հայկական ընկերությունների ներկայացուցիչները «գնորդ-վաճառող» ձևաչափի հանդիպումների ընթացքում ունեցան հնդկական դեղագործական ընկերությունների արտադրանքին, կիրառական մշակումերին և ծառայություններին ծանոթանալու հնարավորություն։
Հանդիպման բացմանը ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը նշեց, որ Հայաստանում գրանցված հնդկական դեղերի թիվն անընդհատ ավելանում է։ «Մենք հայտնում ենք համագործակցությունը հետագայում շարունակելու պատրաստակամություն»,- նշեց նա։ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Մալհոտրան (Achal K. Malhotra) ընդգծեց, որ հայ-հնդկական առևտրային կապերն արդյունավետ են եղել դեռ «Մետաքսի ճանապարհի» ժամանակներից, և «դեղագործական պատվիրակության այցը Հայաստան երկու երկրների միջև ներկայիս հիանալի քաղաքական փոխըմբռնումը առևտրի ոլորտ տեղափոխելու ուղղությամբ կատարված քայլ է»։
Նշենք, որ մարտի 10-ին հնդկական դեղագործական ընկերությունների պատվիրակությանն, ընդունել է ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը։ ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում պատվիրակությանը ներկայացվել են Հայաստանում դեղերի գրանցման ընթացակարգերը։ Հնդիկ դեղագործներն այցելել են նաև «Ալֆա-Ֆարմ» և «Նատալի Ֆարմ» ընկերություններ։
Ամփոփելով հնդկական դեղագործական պատվիրակության այցի արդյունքները, ԴԱՆ Միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանն ընդգծեց, որ այցը խորհրդանշեց դեղագործության ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընդլայնումը։ Այդ մասին է վկայում նաև հնդկական 3 ընկերությունների մասնակցությունը ԴԱՆ Միության կողմից 2010-ի նոյեմբերին, Երևանում կազմակերպած «Հայաստանի դեղագործության մրցունակության 3-րդ համաժողովին» և «Ֆարմա Էքսպո Հայաստան 2010» միջազգային ցուցահանդեսին։ Միության ղեկավարը տեղեկացրեց, որ Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել են դեղագործության ոլորտում հայ-հնդկական կապերը սերտացնելու և խորացնելու հարցեր։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, փորձի փոխանակմանը, դեղագործների շարունակական կրթությանը, համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը։