«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ապրիլի 24-ին Կիևի կենտրոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնավարման շրջանի մշակույթի նախարարին Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը չի հրավիրել:
Մեզ տված իր հարցազրույցում Կիևում բնակվող հայ գեղանկարիչ Բորիս Եղիազարյանն ասել էր, թե դիվանագիտական սխալ է դեսպանի միջոցառմանը հրավիրել Յանուկովիչի նախագահության շրջանի նախարարի, սակայն մեզ հասած տեղեկություններով՝ դեսպանը չէ, որ հրավիրել և ընդունել է նախարարին:
«Առաջին լրատվականը» փորձեց տեղեկությունը պարզել նաև Բորիս Եղիազարյանից, որն ասաց, որ իրեն վստահելի աղբյուրները տեղեկացրել են, որ, իսկապես, Անդրանիկ Մանուկյանը չի հրավիրել նախարարին:
«Ես հարցազրույցում իմ ասած ոչ մի բառից չեմ հրաժարվում, բացի նրանից, որ ասել եմ՝ դեսպանն է հրավիրել, դա չճշտված տեղեկություն էր»,- ասաց նա: