
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Մովսեսյանի նախագահությամբ ավարտվել է Վերոնիկա Սուքիասյանի գործի դատական քննությունը:
28-ամյա Վերոնիկան ամուսնալուծված է: Նրա խնամքին են մինչև 14 տարեկան 3 անչափահաս երեխաները, որոնցից մեկը հիվանդ է ու՝ մինչև 3 տարեկան: Վերոնիկան պահում է նաև քրոջ անչափահաս երեխային:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հունվարի 18-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում Գյումրիի Գերցենի նրբանցքում ապրող Վերոնիկան հարևան տան հետնամասի դուռը բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել այդ տուն, այնտեղից գողացել 160 հազար դրամ արժողությամբ երկու փայտե դռներ, ինչպես նաև սպասքապահարանի մի հատվածը, տարբեր հնամաշ հագուստներ, մանրահատակի փայտե սալիկներ:
Վերոնիկային մեղադրանք է առաջադրվել գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:
Ընդհանուր իրավասության դատարանում Վերոնիկան իրեն լիովին մեղավոր է ճանաչել:
Նա հայտնել է, որ չորս անչափահաս երեխաների հետ ապրում է նյութական շատ ծանր պայմաններում: Չի կարողացել ձմռանը վառելիք ձեռք բերել: Չի աշխատել: Երեխաներից մեկին վիրահատել են: 2014 թվականի հունվարի 18-ին վիրահատված երեխային դուրս են գրել հիվանդանոցից: Բերել է տուն: Իսկ տանը սառնամանիք էր, Գյումրվա անտանելի ցուրտ…
Վերոնիկան գիտեր, որ հարևանությամբ գտնվող տանը բնակվող չկա: Բնակարանատիրոջը հազվադեպ է տեսել, միայն դեմքով է ճանաչել:
Հիվանդ երեխային ու մնացած երեխաներին ինչ-որ կերպ տաքացնելու համար հուսահատ մայրը գողություն է կատարել՝ միմիայն վառելիք հայթայթելու նպատակով:
Վերոնիկան գնացել է հարևան տան հետնամաս: Անցել է պարսպի վրայով: Մտել է բակ: Հրելով բացել է հետնամուտքի դուռը, որի ապակին կոտրվել է:
Ներս մտնելով՝ 28-ամյա կինը ուժ է գործադրել և նախևառաջ տեղահան է արել սենյակների երկու փայտե դռները: Դրանք նետել է պարսպից դուրս: Այնուհետև դուրս է նետել սենյակի պատի տակ դրված սպասքապահարանի ներքևի դարակների հատվածը:
Մահճակալների մոտից վերցրել է սև տոպրակների մեջ լցված հնամաշ հագուստները: Սենյակի հատակից հուսահատության մեջ ընկած կինը պոկել է մանրահատակը:
Գողոնը տարել է իր ցուրտ տուն: Դռները մուրճով ջարդել է ու գողացված հագուստների հետ վառել է վառարանում: Տունը տաքացել է…
Կատարած գողության համար հունվարի 20-ին Վերոնիկան բերման է ենթարկվել ոստիկանություն:
Խոստովանել է: Որպես խափանման միջոց՝ ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Տուժած հարևանը դատարանում ասել է, թե Վերոնիկայի հարևանությամբ գտնվող տունը գնել է մոտ ութ տարի առաջ: Այնտեղ ապրել են ամառները, իսկ ձմռանը պարբերաբար այցելել է, հետևել տանը: Այդ տանն արժեքավոր ոչինչ չեն ունեցել: Գողացված իրերի մեծ մասն արժեք չեն ներկայացնում: Ինքը պահանջում է միայն երկու դռների արժեքը՝ 160 հազար դրամը:
Դատարանը Վերոնիկայի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել, որ նա հանցանքը կատարել է կյանքի ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, որ ամբաստանյալի խնամքին են երեք անչափահաս երեխաները, մեկը՝ վատառողջ:
Վերոնիկա Սուքիասյանը մեղավոր է ճանաչվել գողության համար, դատապարտվել 4 տարի ազատազրկման, ապա կիրառվել է պայմանական դատապարտություն, սահմանվել է 2 տարի փորձաշրջան, որի ընթացքում Վերոնիկան պարտավոր է չփոխել մշտական բնակության վայրը և պարբերաբար պիտի ներկայանա զրույցի՝ վարքի վերահսկողություն իրականացնող մարմին:
Վերոնիկա Սուքիասյանից հօգուտ տուժող հարևանի՝ կբռնագանձվի 160 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառած նյութական վնասի հատուցում:
Գյումրիի քաղաքապետարանը, պատկան մարմիններն ու կազմակերպություններն այս ընտանիքին ուշադրություն պիտի դարձնեն: Չէ՞ որ նրանց մեղքն էլ կա, որ ցուրտ ձմռանը անվառելիք մնացած երեխաների համար տարրական տաքություն ապահովելու հուսահատ ճիգը երիտասարդ կնոջը հասցրել էր հանցագործության: