Երեկ իր հրաժարականի մասին է հայտարարել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ֆիլիփ Քրոուլին: Որպես պատճառ են նշվում նրա հայտարարությունները Wikileaks կայքին տեղեկություններ տրամադրած Բրեդլի Մենինգի բանտային վատ պայմանների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Հիլարի Քլինթոնն ընդունել է նրա հրաժարականը` միաժամանակ ափսոսանք հայտնելով այդ փաստի կապակցությամբ: Տեղեկացնենք, որ Wikileaks-ին տեղեկություններ տրամադրելու մեջ մեղադրվող Բրեդլի Մենինգը մարտի սկզբին հայտարարել էր, որ իրեն Վիրջինիա նահանգի զինվորական բանտում պահում են ծայրահեղ վատ պայմաններում:
Մասաչուսեթսի տեխնիկական համալսարանում ելույթի ժամանակ Քրոուլիին հարց էր ուղղվել Մենինգի գործի վերաբերյալ, ինչին պետքարտուղարության խոսնակը պատասխանել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության գործողությունները Մենինգի գործով կարելի է որակել որպես «ծիծաղելի, անարդյունավետ և հիմար»` նշելով, որ դա իր անձնական կարծիքն է, և ինքը գիտակցում է իր արտահայտությունների հետևանքներն ու պատասխանատվություն է կրում դրանց համար:
Քրուլիի հայտարարությունները դուր չէին եկել ՊՆ-ին և վարչակազմին, որից հետո Քրոուլին հրաժարականի դիմում էր ներկայացրել: