Եմենի մայրաքաղաք Սանա’այում նախօրեին կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա: Զոհվել է 6 մարդ, առնվազն 100 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Al-Jazeera-ն:
Շատ լրատվամիջոցներ հաղորդում են, որ իրավիճակը դուրս է գալիս երկրի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի վերահսկողությունից: Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի համալսարանի շրջակայքում: «Առաջին լրատվականը» հաղորդել էր, որ ոստիկանությունը շաբաթ առավոտյան դաժանությամբ ցրել էր շուրջօրյա ցույցին մասնակցող եմենցիներին: Ոստիկանները և գործող նախագահի՝ ոստիկանների զգեստներով կողմնակիցները ավերել են ցուցարարների վրանային ճամբարը, որի հետևանքով 7 մարդ զոհվել էր:
Հայտնի է նաև, որ երկրի երկրորդ մայրաքաղաքում` Ադենում, ցուցարարները հարձակվել են տեղի ոստիկանության վրա` գրավելով շենքը և այնտեղ եղած զենքն ու զինամթերքը:
Ցույցերը Եմենում շարունակվում են մի քանի ամիս շարունակ: Ցուցարարները պահանջում են գործող իշխանության հրաժարականը, ինչպես նաև քաղաքական և տնտեսական բարեփոխումների անցկացում: