ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցները շաբաթ օրը՝ մարտի 12-ին հանդիպումներ ունենացան Սիսիանի, Գորիսի, Կապանի ու Քաջարանի հիվանդանոցներում: Նրանք բուժաշխատողներին ծանոթացրին ընթացիկ տարվանից առողջապահության ոլորտում ներդրված համավճարային սկզբունքին և դրանից բխող` բուժաշխատողների աշխատավարձերի վճարման նոր համակարգին:
Մարզերում, ըստ պատասխանատուների, դժգոհություններ կան: Սրա պատճառը այն է, որ համավճարի գաղափարը սխալ հասկացվեց: Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի տեղակալ Գարուշ Այվազյանը, Կապանի բժշկական կենտրոնում անդրադառնալով բուժման համավճարային սկզբունքին, նշեց, որ այն բնակչության համար այն կանխատեսելի է դարձնում հիվանդանոցում իր կատարած ծախսերը:
Համավճարը նպատակ ունի առաջին հերթին պաշտպանելու հիվանդի շահը: Ավելանում են նաև բուժաշխատողների աշխատավարձերը` համավճարից 25 տոկոսի չափով հատկացվում է բուժող բժշկին:
Որպես նվազագույն երաշխավորված աշխատավարձ բժշկի համար, որը տվյալ ամսվա ընթացքում հիվանդներ չի ունենա, սահմանվել է 50 հազար դրամ:
Իսկ մայրաքաղաքում և մարզերում սահմանված համավճարների տարբերության պատճառը՝ մարզերի բնակչության համեմատաբար սոցիալապես անապահով լինելն է:
Նախարարության աշխատակիցները կլինեն բոլոր մարզերում: Սյունիքը երրորդ մարզն էր: