«Սերժ Սարգսյանը խոսում էր համանախագահ երկրների հայտարարած երեք հիմնական սկզբունքների մասին` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովրդի ինքնորոշում: Սերժ Սարգսյանը ընդհանուր փիլիսոփայության առումով էր խոսում առաջընթացի մասին»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց ՌԱՀՀԿ փորձագետ Մանվել Սարգսյանը` անդրադառնալով Ռիգայում Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությանը, թե բանակցային գործընթացում առաջընթաց է գրանցվել:
Ըստ փորձագետի` Ադրբեջանը տրամադրված չէ համաձայնության. «Այդ ամենն այնքան հեռու է բանակցային սեղանի վրա դրված փաստաթղթից, որ անգամ եթե որևէ փաստաթուղթ ստորագրվի, ապա դա չի խոսում ոչ մի բանի մասին: Ընդամենը Ադրբեջանը պիտի հարգի այդ սկզբունքները, մասնավորապես ուժի չկիրառման սկզբունքը: Այստեղ ավելի շուտ քաղաքական համաձայնության խնդիր է, որին, բնականաբար, Ադրբեջանը չի գնա, այդ է պատճառը, որ շփման գծում հայ զինվոր զոհվեց, և այդ է վկայում նաև Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը: Փաստորեն, Ադրբեջանը ցույց տվեց, որ իրենք պատերազմի գծից չեն հեռանա»:
Մամեդյարովի հարցազրույցին անդրադառնալով` Մանվել Սարգսյանը նշեց, որ ամեն ինչ մնում է նույնը, և Ադրբեջանը իր գաղափարներից չի հեռանա. «Ես չգիտեմ, թե Սերժ Սարգսյանը ինչ ի նկատի ուներ: Գուցե, ըստ իրեն, Ադրբեջանն իսկապես կգնա համաձայնության, բայց, իմ կարծիքով, դա այդպես չէ»: