Նուբարաշենի «ամենակորած» տարածքներից մեկում 1000-լիտրանոց մի բաք կա։ Բաքն ունի երկու պատուհան և երեք բնակիչ, որոնց հետ կա՛մ բախտն է դաժան խաղ խաղում, կա՛մ իրենք են իրենց բախտի հետ դաժան վարվում։
Հարևանների պատմելով` տարբեր խայտառակություններ են լինում այդ ընտանիքում, որտեղ ապրում է մայրը` իր երկու անչափահաս դուստրերի հետ։ Դեպքեր են լինում, երբ հերթեր են գոյանում այդ երեխաների համար։ Իսկ հաճախորդները մեծամասամբ զինվորներ են, քանի որ Նուբարաշեն համայնքում զորամաս կա։ Ավելին` մայրն է դրդում, որ տանը աղջիկները «կլիենտներ» ընդունեն։
Մայրը պատճառաբանում է, որ եթե գումար վաստակելու այլ աղբյուր լինի, աղջիկներին այդ քայլին չի դրդի։ Նրա հավաստմամբ, երկար ժամանակ դիմել են տարբեր ատյանների` փորձելով միջոցներ հայթայթել, բայց ապարդյուն։
Երբ 3 ամիս առաջ կուսությունից զրկված աղջկան իրավաբանը հարցրել է` ուրա՞խ է դրա համար, փոքր աղջիկը պատասխանել է. «Հա, ես գումար եմ վաստակում»։ Իսկ մայրը յուրացնում է «աշխատած» գումարները և ուտում` մարսելով այդ ճանապարհով վաստակած հանապազօրյա հացը։
Այս մասին տեղեկանում ենք «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայաստանյան ասոցիացիայից։