«Ես չեմ կարողանում հասկանալ այն փաստաթղթի իմաստը, որի տակ Սերժ Սարգսյանը ստորագրություն դրեց: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչքան կարելի է փաստաթուղթ ստորագրել նախագահի մակարդակով, որ ռազմագերիներին պետք է փոխանակել, ինչքան կարելի է ստորագրել, որ կոնֆլիկտը պիտի լուծվի խաղաղ պայմաններում»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը անհասկանալի է համարում այն հրճվանքը, որ Սոչիում ապրում էր Սերժ Սարգսյանը, որովհետև դրանից մեկ օր առաջ սահմանին զոհվել է հայ զինծառայող. «Ալիևը նորից ապացուցեց, որ ստորագրված բոլոր փաստաթղթերը իր համար նշանակություն չունեն, և սահմանին ամեն օր է զինվոր զոհվում, և դա դարձել է անտանելի վիճակ»:
Անդրադառնալով Լատվիայում Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Սոչիում Ադրբեջանի դիրքորոշման մեջ առաջընթաց է արձանագրվել, Հովհաննիսյանը նշեց. «Սերժ Սարգսյանը, քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, ի լուր միջազգային հանրության հայտարարում է, որ ինքը պատրաստ է առաջընթաց գրանցելու, պատրաստ է և անփոխարինելի է, որպեսզի Ղարաբաղի հարցում կարգավորում արձանագրվի»:
Հովհաննիսյանի գնահատմամբ, Սերժ Սարգսյանի Ռիգայի հայտարարությունը կապված է ներքաղաքական զարգացումների հետ, և նա այդկերպ փորձում է կանխել ներքաղաքական զարգացումները: