Երեկ Եվրոպական միության նախագահ Հերման վան Ռոմպեյը հայտարարել է, որ Բենղազիում ձևավորված Ազգային անցումային խորհուրդն այսուհետ համարվելու է Լիբիայի հետ ԵՄ բանակցությունների միակ «լեգիտիմ քաղաքական գործընկերը»: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Վան Ռոմպեյն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ տեղի է ունեցել ԵՄ անդամ երկրների ղեկավարների արտահերթ նիստը:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իր հերթին հաղորդել է, որ Լիբիայի տարածքում կստեղծվեն «հումանիտար օգնության տարածքներ» և այդ տարածքների անվտանգության ապահովման համար կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ:
Մուամար Քադաֆին հայտարարել է Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: Քադաֆին նաև սպառնացել է, որ կդադարեցնի ԵՄ հետ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, ինչը լուրջ խնդիրներ կառաջացնի Արևմուտքում:
Տեղեկացնենք նաև, որ այսօր Լիբիա է ժամանում ՄԱԿ-ի առաքելությունը, որը պետք է գնահատի այդ երկրում հումանիտար իրավիճակը, և համապատասխան եզրակացություններ ներկայացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին: