Ճապոնացի մասնագետներին հաջողվել է այս պահին չեզոքացնել Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում գտնվող ատոմակայանի ռեակտորի քայքայման վտանգը: Նրանք տեղեկացրել են, որ բաց են թողել ռեակտորում հավաքված տաք գոլորշու մի մասը, ինչը կանխել է ռեակտորի հետագա քայքայումը:
Սակայն մասնագետները նշում են, որ ռադիացիոն ֆոնը ատոմակայանի մերձակայքում ավելի քան հազար անգամ գերազանցում է թույլատրված նորմերը: Դրանից մի քանի ժամ առաջ Ճապոնիայի ատոմային և արդյունաբերական անվտանգության գործակալությունը հայտնել էր, որ Ֆուկուսիմայի ատոմակայանի մերձակայքում հայտնաբերվել է ցեզիում, ինչը կարող է վկայել, որ ռեակտորի մասնակի քայքայում է տեղի ունեցել, քանի որ ցեզիումը ռեակտորում ընթացող ռեակցիաների արդյունք է: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ երեկ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով Ճապոնիայի ատոմակայանի մի մասի աշխատանքն արգելափակվել է անվտանգության նկատառումներով: