Այսօր առավոտյան Եմենի ոստիկանությունը հարձակվել է երկրի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի հրաժարականը պահանջող ցուցարարների վրանային ճամբարի վրա` հիմնահատակ ավերելով այն: Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Սանա՛այում: Այս մասին հաղորդում է Associates Press գործակալությունը:
Հայտնի է, որ ոստիկանների հարձակման պահին ճամբարում եղել են մի քանի հազար ցուցարարներ: Հարձակվողները եղել են ինչպես ոստիկանական համազգեստով, այնպես էլ քաղաքացիական հագուստով: Նրանք կիրառել են արցունքաբեր գազ, սառը զենք և մահակներ: Հնչել են նաև կրակոցներ:
Գործակալության փոխանցմամբ, առնվազն մեկ մարդ զոհվել է, մի քանի հարյուր մարդ վիրավորվել են, այդ թվում` ոստիկաններ:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ շարունակ Եմենի տարբեր քաղաքներում տեղի են ունենում բազմահազարանոց հանրահավաքներ և ցույցեր, որոնք պահանջում են երկրի իշխանության հրաժարականը: Այս պահի դրությամբ Եմենի բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է ավելի քան 30 մարդ, մի քանի հարյուր մարդ վիրավորվել է:
Նախագահ Սալեհը հայտնել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, փոխարենը` դաժանությամբ ճնշում է բողոքի ակցիաները: