Հրապարակախոս Արա Նեդոլյանը, անդրադառնալով հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններին, ինչպես նաև յուրաքանչյուր ընտրություններից հետո տեղի ունեցող արյունահեղություններին, նշեց, որ 1985 թվականին գորբաչովյան փոփոխություններով մեկնարկեց վիթխարի մի ընթացք, այն է՝ ժողովրդին բերել իշխանության, բերել քաղաքական դաշտ:
Նրա կարծիքով՝ հենց այդ նպատակով է նախագծված նոր, ժողովրդավար մեր պետությունը` իր Սահմանադրությամբ, իշխանությունն ընտրությունների միջոցով ձևավորելով, մարդկանց հավասարությունն օրենքի առջև հռչակելով: Եվ այդ ամբողջ ժամանակ տեղի է ունենում էլիտաների կատաղի դիմադրությունը` ուղղված ժողովրդավարության դեմ, այսինքն` վարում են օրինականության վերացմանն ուղղված քաղաքականություն:
Նրա խոսքով՝ Վազգեն Սարգսյանի գլխավորած կառավարությունը և Կարեն Դեմիրճյանի գլխավորած խորհրդարանն այն պահին ժողովրդի կողմից ընկալվում էին որպես սեփական, ժողովրդական, ժողովրդի իշխանության նվաճում: Դժվար է ասել` հետագայում կպահպանվե՞ր այդ ընկալումը, բայց ակնհայտ է, որ այն ժամանակվա նախագահի հետ իրենք չէին կազմում իշխանական բուրգ, փաստացի իրականանում էր իշխանական թևերի տարանջատման շատ կարևոր սկզբունքը:
«Եվ այդ օրը խորհրդարանում կրակոցները հնչեցին հենց ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ օրինական ընտրովի իշխանությունների, իշխանական ճյուղերի տարանջատման սկզբունքի: Դրանից հետո մենք երբեք չենք ունեցել ժողովրդավար իշխանություն, երբեք չենք ունեցել ընտրությունների միջոցով ձևավորված իշխանական թևեր, հետևաբար` չենք ունեցել օրենք ու սահմանադրական կարգ»,- ասաց Ա. Նեդոլյանը:
Նրա խոսքով` դրա փոխարեն ունենք իշխանության բռնագրավում, ուզուրպացիա` էլիտաների կողմից, էլիտայի պատերազմ` ընդդեմ ժողովրդի, որն արտահայտվում է, առաջին հերթին, ընտրությունների հետևողական կեղծմամբ և ժողովրդի դիմադրությամբ` ինչպես եղավ մարտի մեկին:
Հրապարակախոսի համոզմամբ` էլիտաները այդ պահերին դիմում են արյունահեղության, և հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի կրակոցները նույն ծագումն ու նույն բնույթն ունեն:








































