«Ընդհանրապես ԵԱՀԿ-ից` որպես կազմակերպություն, ես առանձնապես սպասումներ չունեմ, որովհետև կազմակերպությունը ստեղծված է որպես գործիք համագործակցության և անվտանգության ապահովման համար, բայց վաղուց արդեն դադարել է այդ խնդրով զբաղվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` հավելելով, որ թերևս միակ լուսավոր կետը, որ զբաղվում է այդ խնդրով, Մինսկի խումբն է:
Վ.Հովհաննիսյանի խոսքերով, ԵԱՀԿ-ի մնացած գործողություններն ամբողջությամբ կենտրոնացած են այս կամ այն երկրում ժողովրդավարության ինստիտուտի կայացման, ընտրությունների մոնիտորինգի ուղղությամբ:
«Հավանաբար իրենք իրենց օրակարգը փոխել են: ԵԱՀԿ-ն էապես չի կարող ազդել անվտանգության մակարդակի բարձրացման վրա, քանի որ կարողանալու համար պետք է ազնվորեն քննադատել այն երկրները, որոնք ուժի սպառնալիք են կիրառում իրենց քաղաքականության մեջ, հրաժարվում են դիպուկահարներին սահմանային գծից հետ քաշել»,- ավելացրեց Վ.Հովհաննիսյանը: Ըստ նրա` սա է հիմնական պատճառը, որ ԵԱՀԿ-ն գծել է իր համար աշխատանքային մեկ այլ ոլորտ: