Քիչ առաջ «Միկա»-ի համանուն մարզադաշտում ավարտվեց Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ «Միկա»-«Իմպուլս» հանդիպումը: Այս խաղին որակազրկման պատճառով տրիբունաներից հետևող Արմեն Շահգելդյանի սաները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին դիլիջանցիների դարպասը: Ամբողջ հանդիպումն անցավ տանտերերի բացահայտ տարածքային և խաղային առավելությամբ: Գոլերի հեղինակներ դարձան Նարեկ Բեգլարյանը (19 ր.), Պեդրո Լոպեսը (50 ր.) և Էդնեյը (62 ր.):
Հիշեցնենք, որ երեկ կայացած մյուս երեք քառորդ եզրափակիչներում գրանցվել են հետևյալ արդյունքները` «Շիրակ»-«Փյունիկ»` 1:1, «Ուլիս»-«Արարատ»` 1:0, «Բանանց»-«Գանձասար»` 3:0: Պատասխան հանդիպումները կկայանան մարտի 14-ին և 15-ին: