Այսօր հայտնի է դարձել, որ Խորվաթիայի հավաքականի ու Մյունխենի «Բավարիա»-ի առանցքային հարձակվող Իվիցա Օլիչը ստիպված է լինելու ծնկի մասում վիրահատության ենթարկվել, որի պատճառով էլ հարձակվողը կբացակայի կես տարի: Հիշեցնենք, որ «Բավարիա»-ի համար Օլիչի բացակայությունը կարող է վճռորոշ լինել, քանի որ, Օլիչից բացի, վնասվածքներ ունեն նաեւ Ֆրանկ Ռիբերին, Արյեն Ռոբենը, Միրոսլավ Կլոզեն եւ Մարկ Վան Բոմելը: Ստացվում է, որ «Բավարիա»-ի հիմնական կազմի առջեւի գիծն ամբողջովին բացակայում է: Վերջին հանդիպումներում թիմի հայտավորման կազմն ամբողջովին համալրված չէր, եւ այդ պատճառով գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը շատ դեպքերում առանց փոխարինումների էր հանդիպումներն անցկացնում: Ուշագրավ է, որ անգամ այդքան կորուստները չեն ազդում «Բավարիա»-ի խաղի վրա, ընդհակառակը, մյունխենցիների արդյունքները գնալով լավանում են: Ամեն դեպքում` այս մրցաշարի սկիզբը «Բավարիա»-ի համար շատ անհաջող էր, իսկ եթե «Բավարիա»-ի ղեկավարները ինչ-որ քայլերի չգնան, ապա այդ դեպքում կարող է առաջնությունը «Բավարիա»-ի համար շատ տխուր ձեւով ավարտվել: