«Աղոթեք Ճապոնիայի համար»: Այս բառերն ամենաշատն են այսօր հանդիպում Twitter միկրոբլոգների կայքում: Այս գրությունները սկսեցին հայտնվել այն բանից հետո, երբ Ճապոնիայում տեղի ունեցավ այդ երկրի պատմության ընթացքում ամենահզոր երկրաշարժը:
Լրատվամիջոցները հայտնում են, որ մի քանի ատոմակայան դադարեցրել են իրենց աշխատանքը: Հրդեհ է սկսվել Օնագավայի ատոմակայանում, սակայն ռադիացիայի արտահոսք չի գրանցվել: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են պաշտպանության նախարարության ստորաբաժանումները: Վնասվել է նաև հեռուստաաշտարակը, որի սրաձողը թեքվել է:
Զոհերի թիվն այս պահին հասել է 30-ի. տեղեկացրել է Ճապոնիայի կառավարությունը: Շատ փորձագետներ կարծում են, որ զոհերի թիվը մի քանի անգամ ավելի կլինի: Արդեն հաստատվել է, որ երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8,9 մագնիտուդ, ինչն աննախադեպ երևույթ է:
Շատ երկրներ հայտարարել են, որ պատրաստ են փրկարար ուժեր ուղարկել Ճապոնիա: ՄԱԿ-ը պատրաստվում է փրկարարական 30 ստորաբաժանում ուղարկել ծագող արևի երկիր: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար գործողությունների համակարգող Էլիզաբեթ Բիրսը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: