Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալլետտին Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում «Տվենտե»-ից կրած խոշոր հաշվով պարտությունից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ չի թաքցրել իր տխրությունը, բայց վստահություն է հայտնել, որ իր սաների համար դեռ ոչինչ կորած չէ:
«Պարտվելը միշտ էլ տհաճ է: Որոշ ժամանակ, անշուշտ, վատ տրամադրություն է տիրում թիմում: Վստահեցնում եմ, որ շաբաթ օրվանից մենք կանենք այն, ինչ պարտավոր ենք անել: Կասկած անգամ չունենաք, որ պատասխան խաղում իմ թիմը կանի ավելին, քան կարող է: Հիշեք, որ պատասխան խաղում հանդես է գալու իմ թիմը: Եթե ես խաղադրույք կատարեի, ապա անկասկած «Զենիթ»-ի օգտին կկատարեի»: