Երեկ Պարսից ծոցի արաբական երկրների արտաքին գործերի նախարարներն ընդունել են հայտարարություն, որով անօրինական են համարել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆի իշխանությունը` ընդունելով, որ վերջինս կորցրել է իր լեգիտմությունը:
Այս որոշումն ընդունվել է Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հավաքի ժամանակ, որը կայացել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում: Այս մասին տեղեկացնում է al-Jazeera հեռուստաալիքը:
Բացի այդ, արտաքին գործերի նախարարները կոչ են արել Արաբական երկրների լիգա կազմակերպությանը միջոցներ ձեռնարկել արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ: Որպես դրա իրագործման հնարավորություն՝ նրանք առաջարկել են փակել Լիբիայի օդային տարածքը ռազմական ավիացիայի համար:
Ի դեպ, ինչպես տեղեկացրել էինք, երեկ Ֆրանսիան ճանաչել է Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, որը ձևավորվել է ընդդիմության կողմից: Նույն բանն է հայտարարել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Այս մասին ասված է երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ. «Որպեսզի դադարեցվեն Լիբիայի ժողովրդի տառապանքները, անհրաժեշտ է, որ Մուամար Քադաֆին և նրա հանցախումբը հեռանան»:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի բացառել ժամանակավոր կառավարության ճանաչումը նաև ԱՄՆ կողմից:
Անդրդվելի է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, որը կոչ է արել Մուամար Քադաֆիին գործն ավարտին հասցնել` ակնարկելով, որ վերջինս չպետք է ընկրկի և հանձնվի: