Ադրբեջանական day.az լրատվական կայքի փոխանցմամբ, Nabucco Gas Pipeline International (NGPI) կոնսորցիումի նախագահ Ռեյնհարդ Միթչեկը հունգարական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ հնարավոր է` Ռուսաստանը գազ առաքի Nabucco գազամուղով.
«Սկզբնական շրջանում այս խողովակաշարով գազ կառաքեն Իրաքն ու Ադրբեջանը, ապա նաև Թուրքմենստանը: Երկրորդ փուլում այդ երկրներին կարող է միանալ Ռուսաստանը: Ինչ վերաբերում է Իրանին, ապա ներկա դրությամբ մենք նրան չենք դիտարկում որպես գազամատակարար երկիր, քանի որ այդ երկրում տիրում է քաղաքական անկայունություն:
Այժմ մենք ֆինանսական վերլուծության ենք ենթարկում խողովակաշարի կառուցման ծախսերը, և, ամենայն հավանականությամբ, դրանք առավել փոքր կլինեն, քան սկզբնական շրջանում կանխատեսված 7.9 միլիարդ դոլարը»:
Հիշեցնենք, որ Nabucco գազամուղի անվանումն առաջացել է բաբելոնյան Նաբուգոդոնոսոր արքայի անունից: Խողովակաշարի մեկնարկը նախատեսված է 2012 թվականին, այն ունենալու է 3300 կիլոմետր երկարություն և տարեկան 31 միլիարդ խորանարդ մետր թողունակություն:
Ինչ վերաբերում է դրան Ռուսաստանի միանալուն, ապա դժվար է կարծել, որ իրադարձությունները կծավալվեն նման սցենարով, քանի որ Ռուսաստանը, ի հակադրություն Nabucco գազամուղի, առաջ է քաշել «Հարավային հոսք» գազամուղի նախագիծը և պատրաստ է գնել ադրբեջանական ու թուրքմենական արտահանվող ողջ գազը, որպեսզի Nabucco-ն կանգնի լիաբեռնման խնդրի առջև: Եվրոպա-Ռուսաստան այս էներգետիկ հակամարտությունից էլ առաջին հերթին օգտվում է Թուրքիան, քանի որ երկու նախագծերն էլ անցնելու են նրա տարածքով:
Մյուս կողմից, սակայն, չպետք է բացառել, որ մի օր Ռուսաստանը կարող է միանալ Nabucco գազամուղին, քանի որ նմանատիպ նախադեպ արդեն կա. նախկինում էլ շատ էր նշվում, թե Ռուսաստանը չի միանա «Սամսուն-Ջեյհան» նավթամուղին, քանի որ նախապատվությունը տալիս է «Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս» նավթամուղին: Սակայն Ռուսաստանն ի վերջո միացավ «Սամսուն-Ջեյհան» նավթամուղին, քանի որ տապալվեց «Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս» նավթամուղի նախագիծը: