ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Վաշինգտոնը պաշտոնական Թբիլիսիի հետ քննարկել է Ռուսաստանի` Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության հարցը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Յուրի Ուշակովը:
«Ամերիկացիները Ռուսաստանի անդամակցության հարցով խոսակցություն ունեցել են (Թբիլիսիի հետ.- 1in.am)»,- ասել է Ուշակովը` հավելելով սակայն, որ ամերիկացիները խոսք չեն տվել, որ Վրաստանի հետ այդ հարցը կլուծեն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում, ուր քննարկվող հիմնական թեմաներից մեկը Ռուսաստանի անդամակցությունն է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, ինչպես նաև Լիբիայի շուրջ ստեղծված իրավիճակը և համաշխարհային հանրության հակազդեցությունը ստեղծված իրավիճակին: