Al-Jazeera քաթարյան հեռուստաընկերությունը, որը վերջին շրջանում աշխարհում մեծ ժողովրդականություն է վայելում արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ամբողջական տեղեկատվություն ապահովելու համար, պատրաստվում է 2012թ. ունենալ սեփական մանկական ալիքը: Այս մասին հաղորդել է ընկերության մանկական բաժնի ղեկավար Մահմուդ Բունեբը:
Այն լինելու է անգլերեն լեզվով: Սակայն Բունեբը ավելացրել է, որ շատ դժվար է լինելու դուրս գալ արևմտյան շուկա, հատկապես` ամերիկյան: Տեղեկացնենք, որ 2011թ.-ից սկսած` Al-Jazeera-ն փորձում է մտնել ամերիկյան շուկա, սակայն դա նրան չի հաջողվել:
Բանն այն է, որ ամերիկյան հասարակությունը Al-Jazeera-ն համարում է հակաամերիկյան նախագիծ: Բացի այդ, այս հեռուստաալիքը լուրջ մրցակից է ամերիկյան հեռուստաալիքների համար, ինչի մասին վերջերս Սենատում խոսել էր պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը կարծիք էր հայտնել, որ ամերիկյան հեռուստաալիքները լրատվության մատուցելու և հանդիսատեսին հասցնելու առումով զիջում են Al-Jazeera-ին: