Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների անունից պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը Ֆրանսիայի արտգործնախարարին հարց է ուղղել` հետաքրքրվելով, թե ի՞նչ նախաձեռնություններով է հանդես գալիս պաշտոնական Փարիզը` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ԼՂ կարգավորման գործընթացում, մասնավորապես` ԼՂ-ի կարգավիճակի որոշման հարցում: Այդ կարգավիճակը, հայամետ խորհրդարանականի համոզմամբ, պետք է հիմնված լինի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա: Ի պատասխան` Ալեն Ժյուպեն, ով Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարությունը ստանձնել է շուրջ տասն օր առաջ, հավաստիացրել է, որ Ֆրանսիան հետեւողական է ԼՂ հակամարտության խաղաղ եւ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը հասնելու իր ջանքերում, հակամարտություն, որը չկարգավորված է մնում հրադադարի հաստատումից ի վեր` անցած շուրջ մեկեւկես տասնամյակի ընթացքում: «Բանակցությունների ձեւաչափը էվոլյուցիա է ապրել ժամանակի ընթացքում»,- նշել է Ժյուպեն` հավելելով. «ԼՂ փաստացի իշխանությունները այլեւս բանակցությունների մասնակից չեն, քանի որ, հիշեցնեմ, աշխարհի որեւէ երկիր չի ճանաչել այդ տարածաշրջանի կողմից միակողմանիորեն հռչակված անկախությունը»: Ֆրանսիայի ԱԳ նախարարը իր խոսքն ամփոփել է այսպես. «Եվ անշուշտ, մեզ համար ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հակամարտության ցանկացած կարգավորման հիմնարար սկզբունքն է»: