The Mirror-ը տեղեկացնում է, որ «Չելսի»-ն չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել թիմի ավագ Ջոն Թերիին:
Պաշտպանի` «արիստոկրատներ»-ի հետ ստորագրած պայմանագրի ժամկետը լրանում է 2013/14թթ մրցաշրջանի ավարտին: Թիմի մեկ այլ վետերան` Ֆրենկ Լեմպարդը, «Չելսի»-ն կարող է լքել արդեն 2013 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ֆրենկը կարող է իր մարզական կարիերան շարունակել MLS-ում:
Չի բացառվում, որ նա կհամալրի «Լոս-Անջելես Գելեքսի»-ի կազմը, որտեղ հանդես է գալիս մեկ այլ հանրահայտ անգլիացի` Դևիդ Բեքհեմը: Լեմպարդի և «Չելսի»-ի համաձայնագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին:
Թիմը կարող է լքել նաև Էշլի Քոուլը, ով հրաժարվում է 1 տարվա պայմանագիր ստորագրել և ցանկանում է ակումբից նոր` երկարաժամկետ պայմանագրի առաջարկ ստանալ: Քոուլի ծառայություններով հետաքրքրվում է ՊՍԺ-ն, որը ցանկանում է խաղացողին 3 տարվա պայմանագիր առաջարկել` 150.000 ֆունտ շաբաթական աշխատավարձով:









































