Դոնեցկի «Շախտյոր»-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ կազմակերպված խնջույքն իսկապես հաջողվել է: Երեկույթի ժամանակ ակումբի նախագահ Ռինատ Ահմետովի հուզիչ ելույթից հետո, խոսքը տրվել է Լուչեսկուին: Այնուհետև բեմ են բարձրացել ֆուտբոլիստներից մի քանիսը, որից հետո սկսվել է տոնախմբությունը:
Բազմաթիվ էստրադային աստղեր իրենց ելույթներով ուրախացրել են «Շախտյոր»-ի ողջ անձնակազմին: Երեկույթի ամենաշագրավ պահը տեղի է ունեցել Ժաննա Ֆրիսկեի ելույթի ժամանակ. ֆուտբոլիստներից մի քանիսը Հենրիկ Մխիթարյանի գլխավորությամբ ցանկություն հայտնեցին «Блестящие» խմբի նախկին մեներգչուհու հետ երգով շնորհավորել իրենց խաղընկերոջ` Նիկոլայ Իշչենկոյի տարեդարձը: Հենրիկ Մխիթարյանի հետ բեմ են բարձրացել Տարաս Ստեպանենկոն, Վիտալի Վիցենեցը, Սերգեյ Կրիվցովը, Անդրեյ Պյատովը և Ռուստամ Հուջամովը: Ամենաբարդ դերը հանձնվել է Մխիթարյանին. նա պետք է ճիշտ պահին երգի տեքստի մեջ ներառեր «Կոլյա Իշչենկո» բառերը: Ինչպես գրված է կայքում Հենրիկի` հայկական ակցենտով ելույթը հրաշալի է ստացվել: