Թուրք-ադրբեջանական հարաբերությունները շարունակվում եւ զարգանում են նոր գլոբալ, քաղաքական, տնտեսական ու մշակութային կանոններով, նշել է Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպան Ունսալ Չեվիքյոզը Լոնդոնի տնօրենների ինստիտուտում: Իր ելույթում դեսպանը Թուրքիայի եւ Ադրբեջանի կապերն անվանել է մշակութային, կրոնական եւ լեզվային, հիշեցրել «ադրբեջանցիների համազգային հայր» Հեյդար Ալիեւի` «Մեկ ազգ, երկու պետություն» արտահայտությունը:
Թուրք դեսպանն առիթը բաց չի թողել խոսելու ղարաբաղյան հակամարտության մասին: «Թուրքիան Ադրբեջանի տարածքային ամբողջականության մոլի կողմնակից է, հարցն այդ չափորոշիչի շրջանակներում լուծման կողմնակից»,- ասել է նա: Չեվիքյոզն անգամ կապ է գտել սեպտեմբերի 11-ի ողբերգության եւ ղարաբաղյան հակամարտության միջեւ: Նա եկել է այն եզրահանգման, թե սեպտեմբերի 11-ը Կովկասը դուրս մղեց տեղեկատվական օրակարգից, եւ այդ ժամանակներից սկսած` լճացում է առաջացել ղարաբաղյան հարցում: «Բայց այժմ Ադրբեջանն աշխարհաքաղաքական կարեւորագույն դեր է խաղում, իսկ աֆղանական պատերազմում ԱՄՆ-ն ընդհանրապես նրան հանեց միջազգային ասպարեզ»,- հայտարարել է հռետորը: