Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն այսօր Լոնդոնում կայացող երկկողմ գագաթնաժողովի ընթացքում ստորագրելու են երկու երկրների զինուժի սերտ համագործակցության մասին համաձայնագիր, որը փորձագետները, զինվորականներն ու լրագրողները անվանում են «պատմական»:
Ըստ ռուսական լրատվամիջոցների` փաստաթղթի համաձայն` աշխարհի տարբեր անկյուններում ստեղծվելու է համատեղ փորձարարական ուժեր` օպերացիաներ անցկացնելու համար, համատեղ օգտագործվելու է ռազմական տեխնիկան, համատեղ կազմակերպվելու են զորավարժություններ, կառուցելու են միջուկային կենտրոն, որտեղ համատեղ աշխատելու են երկու երկրների գիտնականները: Լոնդոնն ու Փարիզը չեն ժխտում, որ նման համաձայնագրի ստորագրումն անհրաժեշտ էր, առաջին հերթին` երկու երկրների պաշտպանական ոլորտի բյուջեի կրճատման պատճառով և միասնական ուժերով ռազմական ռեսուրսների արդյունավետ օգտագործման ուղիներ գտնելու համար: Դ. Քեմերոնը հայտարարել է, որ այս համաձայնագիրը եվրոպական բանակ ստեղծելու քայլ չէ, այլ ընդամենը «երկու անկախ պետությունների պաշտպանական հնարավորություններն ամրապնդելու քայլ»: